X

  Աթանես Առաքելյան

Աթանես Առաքելյան (հոկտեմբերի 22, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Կենսագրություն

Աթանես Առաքելյանը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում։ Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգչախմբավարության բաժինը և ասպիրանտուրան և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը։

1985 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը Առաքելյանին գործուղել է Մոսկվա՝ վերապատրաստման դասընթացների` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Մինինի դասարան։ 1984-1988 թվականներին՝ Հայաստանի երգչախմբային ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի դիրիժոր։ 1988-1996 թվականներին աշխատել է Երևանի պետական երաժշտական մանկական թատրոնում։ Որպես դիրիժոր-բեմադրիչ իրականացրել է մի շարք մանկական օպերային և բալետային ներկայացումներ։

1990 թվականից դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում, 2003 թվականից՝ նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր։

1993-2008 թվականներին ղեկավարել է Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը։ 2005 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր։ 2008 թվականից Հայաստանի երաժշտական ընկերության նախագահի տեղակալն է։