X

 

1 Հոկտեմբեր 1967 Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանը, այսօր արդեն` քոլեջը, հիմնադրվել է 1967 թ.-ի հոկտեմբերի 1-ին: Համալրվելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներով և փորձառու մանկավարժներով, նորաստեղծ ուսումնարանի դասախոսական կազմն իր հիմնադիր ղեկավարության եռանդուն ջանքերի շնորհիվ, անցած տարիների ընթացքում ծավալել է արդյունավետ գործունեություն երաժշտական կրթության միջին մասնագիտական օղակում: Կարճ ժամանակաընթացքում դառնալով հանրապետության առաջատար կրթական հաստատություններից մեկը` ուսումնարանն արժանացավ 20-րդ հարյուրամյակի հայ կոմպոզիտորական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` Առնո Բաբաջանյանի անունը կրելու բարձր պատվին:

Իր 50-ամյա պատմության ընթացքում Քոլեջը երաժշտական միջին մասնագիտական կրթություն է տվել շուրջ 5000 պատանիների: Շրջանավարտներից լավագույններն արդի հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ են` ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ, արվեստի վաստակավոր գործիչներ և շքանշանակիրներ՝ երգիչներ Գեղամ Գրիգորյան, Էմմա Պապիկյան, դաշնակահարներ Աշոտ Խաչատրյան, Ջուլետտա Վարդանյան, ջութակահարներ Աննա Հարությունյան, Լուսինե Աղաբաբյան, կոմպոզիտորներ Աշոտ Բաբայան, Ստեփան Բաբաթորոսյան, դիրիժոր Ռուբեն Ասատրյան, ինչպես նաև էստրադային երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններ, դուդուկահարներ Մկրտիչ Կարապետյան, Կամո Սեյրանյան, ազգային երգի սիրված վարպետներ Պապին Պողոսյան, Սուսաննա Սաֆարյան, Մանիկ Գրիգորյան և այլոք:

Քոլեջում գործում են երաժշտական տարբեր համույթներ` լարային քառյակ, կամերային նվագախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ և ուսանողական երգչախումբ: Քոլեջի ուսանողները շարունակում են արժանիորեն ներկայանալ միջազգային ու հանրապետական տարբեր փառատոներում և մրցույթներում, ելույթներ են ունենում մայրաքաղաքի լավագույն համերգասրահներում, հանդես գալիս բարեգործական համերգներով: Ներկայումս քոլեջում գործող մոտ մեկ տասնյակ բաժիններում (դաշնամուրային, լարային, փողային և հարվածային գործիքների, ժողովրդական նվագարանների, երաժշտատեսության, խմբավարության և դասական, ժողովրդական ու էստրադային երգեցողության) սովորում է 300-ից ավել ուսանող: Քոլեջում դասավանդում են պրոֆեսիոնալ մանկավարժներ` որոնց շարքերում կան ինչպես շնորհալի երիտասարդ, այնպես էլ բազմամյա մանկավարժական փորձ և ուսումնական գործընթացում իրենց ավանդն ունեցող դասախոսներ, այդ թվում Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտներ և պրոֆեսորներ:

1996

1996 թ.-ից ուսումնական հաստատության նախաձեռնությամբ երկու տարին մեկ անգամ անցկացվել է Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների թվով 6 հանրապետական մրցույթներ, որոնք կոչված էին հայտնաբերելու հանրապետության միջնակարգ օղակի առավել շնորհալի և օժտված դաշնակահարների: Մրցույթի դափնեկիրներից շատերն ունեն արդեն միջազգային դափնիներ, իսկ նրանցից երկուսը` Արուս Աճեմյանն ու Լիլիթ Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի Երիտասարդական մրցանակակիր են:

2011

2011 թ.-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ քոլեջի կողմից անցկացվեց «Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոն»` նվիրված կոմպոզիտորի ծննդյան 90 ամյակին:

2013

2013 թ.-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ քոլեջի կողմից անցկացվեց «Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթ-փառատոն»-ը, որին մասնակցում էին 90-ից ավել դաշնակահարներ ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ-ից, Սիրիայից, Վրաստանից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից և հեռավոր Ավստրալիայից:

2015

2015 թ.-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ քոլեջի կողմից անցկացվեց «Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային 3-րդ մրցույթ-փառատոն»-ը, որին մասնակցում էին 100-ից ավել դաշնակահարներ ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ-ից, Վրաստանից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից և հեռավոր Չինաստանից:

Ներկայումս Քոլեջի գործունեության հիմնական նպատակն է հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան երաժշտական կրտսեր մասնագետների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը: