Աշոտ Բաբայան
Աշոտ Վարդանի Բաբայան (հունիսի 1, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր, օպերայի, օրատորյալ-կանտատային, սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ, խմբերգային բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ։ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խորհրդական, խմբագիր։
Կենսագրական տեղեկանք
Ծնվելէ Երևանում 1952 թվականին, ուսուցիչների ընտանիքում։
1959-1969 թվականներին սովորել է Երևանի Ս. Ալավերդյանի անվան թիվ. 97 դպրոցում, 1963-1968 թվականներին՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, 1969-1973 թվականներին՝ Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանում (այժմ՝ Ա. Բաբաջանյանի անվան), 1973-1978 թվականներին սովորել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ պրոֆեսորներ՝ Էդվարդ Միրզոյանի (ստեղծագործություն), Ավետ Տերտերյանի (գործիքավորում), Գայանե Չեբոտարյանի (պոլիֆոնիա) դասարաններում։
1980 թվականից հանդիսանում է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։
Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր՝ նախապատվություն տալով մեծակտավ ժանրերին։ Սկզբնական շրջանում զբաղվել է մանկավարժությամբ՝ դասավանդելով գյուղական դպրոցներում, 1993-2004 թվականներին աշխատել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, 1994-2000 թվականներին՝ ՀՀ հանրային ռադիոյի «Շարական» անսամբլի տնօրեն։
1998-2002 թվականներին՝ ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր մասնագետ, 2002 թվականից՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խորհրդական, երաշժտական խմբագիր։
Կոչումներ և մրցանակներ
- Համամիութենական մրցույթի դափնեկիր (1978)
- Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի դափնեկիր (1985, երկուսն էլ՝ Մոսկվա)
- Հանրապետ. (1983, 1993, 1997) մրցույթների դափնեկիր
Ստեղծագործությունների ցանկ
Վոկալ սիմֆոնիկ ստեղծագործություններ
- “Կապույտ հավերժություն” - սիմֆոնիա-կանտատ, ըստ Լ. Միրիջյանի համանուն պոեմի, մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար (1970 թ.)։
- “Մագնիֆիկատ” - 3 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, ըստ միջնադարյան մեծացուսցեների (1982 թ.)։
- “Ռեքվիեմ” - 4 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, նվիրված 2-րդ համաշխարհային պատերազմի հաղթանակին և զոհերի հիշատակին, խոսք՝ Ռ. Ռաժդեստվենսկու, Վ. Դավթյանի թարգմանությամբ (1984 թ.)։
- “Հայկ և Բել” - օրատորիա 5 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի(ոչ ավանդական կազմի) համար, ըստ Մ. Խորենացու պատմության (1986 թ.)։
- “Երգ կռունկի մասին” կանտատ, խոսք՝ Գ. Էմինի, երգչախմբի և նվագախմբի համար (1977 թ.)։
- “Շիրազի հիշատակին” - կանտատ, տենորի, երգչախմբի և նվագախմբի համար, խոսք՝ Հ. Շիրազի (1985 թ.)։
- “Ներբող Հայաստանին” - 4 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, խոսք՝ Ս. Կապուտիկյանի (1990 թ.)։
- “Պոեմ” - բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար, խոսք՝ Վ. Թեքեյանի (1995 թ.)։
- “Շուշիի վերադարձը” - կանտատ մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, նվիրված Շուշիի ազատագրման 10-ամյակին, խոսք՝ Յու. Սահակյանի (2002 թ.)։
Սիմֆոնիկ ստեղծագործություններ
- “Սպիտակ” - սիմֆոնիա՝ նվիրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին, մենակատար ալտի, մեծ սիմֆոնիկ նվագախմբի, արևելյան (ժողովրդական) գործիքների նվագախմբի և մնջախաղի թատրոնի համար՝ կինոկադրերի ցուցադրմամբ (1989-2008 թթ.)։
- “Մոնթե” - սիմֆոնիա, մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (1994 թ.)։
- “2 կոնցերտ” - ալտի և նվագախմբի համար (1974 թ., 1981 թ.)։
- “Սիրիուս” կոնցերտ-ֆանտազիա 2 թավջութակի և նվագախմբի համար (1995 թ.)։
- “Պարետային ժամ... Ցուրտ ու մութ օրեր...” - պոեմ սիմֆոնիկ նվագախմբի համար (1992 թ.)։
- “Վարիացիաներ” - Ա. Խաչատրյանի թեմայով՝ թավջութակի և նվագախմբի համար (1995 թ.)։
- “Էլեգիա և պար” - ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2008 թ.)։
- “Կրկնակի կոնցերտ (Concerto grosso)” - գալարափողի և ֆագոտի համար՝ նվագախմբի հետ (2009 թ.)։
Կամերային ստեղծագործություններ
- “Սոնատ” - ալտի և դաշնամուրի համար (1981 թ.)։
- “Սոնատ” - թավջութակի և դաշնամուրի համար՝ նվիրված Արցախի հերոս Թ. Կրպեյանին (1993 թ.)։
- “Սոնատ” - գալարափողի և դաշնամուրի համար (2001 թ.)։
- “Սոնատ” - բարիտոն սաքսոֆոնի և դաշնամուրի համար (2003 թ.)։
- “Սոնատ” - տենոր սաքսոֆոնի և դաշնամուրի համար (2004 թ.)։
- “Երեք պատկեր (Quasi Sonata)” - ալտ սաքսոֆոնի և դաշնամուրի համար (2007 թ.)։
- “Սոնատ” - տրոմբոնի և դաշնամուրի համար (2007-2008 թթ.)։
- “Դոդեկաֆոնիայի արվեստ” - 18 մանրանվագների շարք (2003 թ.)։
- “2 սոնատին” - դաշնամուրի համար (1970 թ., 1999 թ.)։
- “Հոգեհանգստյան մեղեդի” - դաշնամուրային կվարտետի համար (1984 թ.)։
- “Օժենի հիշատակին” - (պրելուդ և ֆուգա) մենանվագ ջութակի համար (1992 թ.)։
- “Էլեգիա” - ջութակի և գործիքային համույթի համար (1994 թ.)։
- “Սոնատին N1” - շեփորի, ֆագոտի և թավջութակի համար
- “Սոնատին N2” - ֆլեյտայի, կլարնետի և թավջութակի համար։
Վոկալ ստեղծագործություններ ձայնի և գործիքային համույթի համար
- “Օսոն” - խոսք՝ Երվանդ Պարսամյանի (4 մաս)։
- “Հայրեններ” - խոսք՝ Ն. Քուչակի,
- “Ափսոսանք”, “Ցնորք ծաղիկ” - խոսք՝ Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյանի։
- Վոկալ շարքեր և ռոմանսներ դաշնամուրի նվագակցությամբ - Ռազմիկ Լալայանի, Համլետ Կարճիկյանի, Համո Սահյանի, Խաչիկ Հրաչյանի խոսքերով։
Հրատարակված ստեղծագործություններ
- “Սոնատին N 1 շեփորի, ֆագոտի և թավջութակի համար” - «Ամրոց Գրուպ» հրատ., 2012 թ.։
- “Սիրիուս» կոնցերտ-ֆանտազիա երկու թավջութակի և նվագախմբի համար” - «Վան Արյան» հրատ., 2010 թ.։
- “Օժենի հիշատակին» մենանվագ ջութակի համար” - «Վան Արյան» հրատ. 2010 թ.։
- “Five Miniatures” - for Alto saxophone and piano, «Hilltop Music» Publications, London, 2005:
- “Sonata” - for Tenor saxophone and piano, «Hilltop Music» Publications, London, 2005:
- “Sonata” - for Baritone saxophone and piano, Hilltop Music Publications, London, 2004:
- “Ցնորք-ծաղիկ” - ռոմանս՝ Արտակ Արքեպիսկոպոսի խոսքերով, «Արճեշ» հրատ., Երևան, 1995 թ.
- “Ափսոսանք” - ռոմանս՝ ձայնի և գործիքային անսամբլի համար՝ Արտակ Արքեպիսկոպոսի խոսքերով, «Արճեշ» հրատ., Երևան, 1995 թ.։
- “Երեք ռոմանս” - Ռ. Լալայանի խոսքերով, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1982 թ.։
- “Սոնատին” - դաշնամուրի համար, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1982 թ.։
- “Շուշիի Վերադարձը” - կանտատ,,«Վան Արյան» հրատ. 2014 թ.։
- “Ստեղծագործություններ գալարափողի համար” - (1. Սոնատ, 2. Էլեգիա, 3. նախանվագ և վազք)։
- “Վան Արյան” - հրատ. 2014 թ.։
Հասարակական գործունեություն
Հանդիսանում է Հայաստանի Թեքեյան մշակութային միության հիմնադիրներից (1990-1995 թթ.` հանդիսանալով երաժշտական բաժնի վարիչ)` կազմակերպելով 2 փառատոներ (1991 թ, 1992 թ.)։ 2001 թ. ին կազմակելպել է Հ. Մեսյանի անվ. փողհարների մրցույթ։ 2002 թ.-ին Հայ երաժշտության փառատոն։
Արձագանքներ կոմպոզիտորի մասին
- “Կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի` Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված սիմֆոնիան ժամանակակից հայ երաժշտության ուշագրավ ստեղծագործություններից է։ Ազգային ավանդույթներին ստեղծագործորեն մոտեցումը, անաղարտ ճաշակը, նվագախմբի հնարավորությունների, արտահայտչամիջոցների գերազանց տիրապետումը վկայում են սիմֆոնիայի անվիճելի գեղարվեստական արժանիքների մասին” - (ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ - կոմպոզիտոր)։
- “Աշոտ Բաբայանի Մոնթե սիմֆոնիան մեծ գողարվեստական հետաքրքրություն է ներկայացնում, գրված է բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Միանգամայն տեղին և համոզիչ են նրա կողմից կիրառված ժամանակակից արտահայտչական միջոցները… ” - (ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆ - կոմպոզիտոր)։
- “Աշոտ Բաբայանը պրոֆեսիոնալ բարձր մակարդակի կոմպոզիտոր է։ Նա շատ լավ է ծանոթ ալտի հնարավորություններին։ Ես առանձնակի հաճույքով եմ կատարել ալտի համար գրված մեծակտավ նրա բոլոր ստեղծագործությունները” - (ՄԻԽԱԻԼ ԿՈՒԳԵԼ - ալտահար, Իսրայել)։
- “Աշոտ Բաբայանի թավջութակի և դաշնամուրի սոնատը ունի ուրույն մտահղացում։ Երկու նվագարանների հարաբերակցությունը, որը կառուցված է բանավեճի սկզբունքով, հեղինակը համառորեն պահպանել է սկզբից մինչև վերջ։ Երաժշտական տեքստի բոլոր տարրերը կոմպոզիտորը ներկայացնում է կարծես խոշորացված` ընդգծելով մտքի նշանակությունը դարձնւմ է մասշտաբային” - (ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ - երաժշտագետ)։
- “Ուշագրավ է կոմպոզիտորի համար սկզբունք դարձած երգչախմբի և, հատկապես, նվագախմբի ոչ ավանդական կազմերի կիրառումը, բանաստեղծական խոսքի և երաժշտության ներդաշնակությունը, ձևակառուցման գերազանց զգացողությունը, սոնորիստական հնչության հարստությունը, ազգային երաժշտական ակունքի հարազատությունը” - (ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - երաժշտագետ)։
- “Գալարափողի և դաշնաամուրի համար գրված Ա. Բաբայանի սոնատը փողային նվագարանների համար հայ կոմպոզիտորի կողմից ստեղծված լավագույն ստեղծագործություններից է։ Հեղինակի կողմից գործիքի հնարավորությունների իմացությունը, երաժշտության ազգային հենքը, ժամանակակից արտահայտչամիջոցների վարպետորեն կիրառումը սոնատը դարձնում է առավել գրավիչ։ Այն իր ուրույն տեղն է գտել գալարափողահարների երգացանկում ” - (Նորայր Գալստյան - գալարափողահար)։